Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ատելության անատոմիա

Ատելության անատոմիա
16.02.2022 | 11:36

Ինչու՞ էր «ժողովուրդների հայրը» այդքան ատում հայերիս, ինչո՞վ էինք արժանացել նրա անբարյացկամությանը:


Մեր պատմության համար որպես սկիզբ դիմենք բոլշևիկների կայսրության կազմավորման շրջանի տարեգրությանը: Հայկական հարցի բարենպաստ լուծման միամիտ ոգևորությունը շատ արագ տեղի էր տալիս իրատես հիասթափությանը, որպեսզի հաջորդ օրն իսկ նորից բռնենք անհայտի արահետն ու կրկին փորձենք հենարան ու հովանավոր գտնել:
Արևմուտքից դաժանորեն խաբված` հայացքը հառել էինք համայնավարների նորելուկ կառավարությանը` Լենինին ու Ստալինին, և նրանք էլ սկսեցին մեզ անաստված խաբել:
Այսօր որոշ պատմաբաններ, այդ թվում և մեր հայրենակիցներից, փորձում են համոզել, որ ոչ վաղ անցյալի այդ երկու կուռքը հայերի հանդեպ ոչ մի վատ մտադրություն չունեին և եթե մեր երկիրը ծախեցին և մեր հաշվին լավ հարաբերություններ այլոց հետ հաստատեցին, ապա միայն ու միայն` ոչ իրենց մեղքով: Իբր հանգամանքներն էին մեղավոր:
Այդպե՞ս է, արդյոք:


Հայաստանի և հայության հանդեպ խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքակության ձևավորման և իրականացման վրա, կուսակցական ընդհանուր շահերից բխող դիրքորոշումից զատ, վճռական գործոնի դեր է խաղացել նաև անձնական վերաբերմունքի գործոնը: Կուսակցական, պետական առանձին գործիչները և նրանց շրջապատող մարդկանց խմբերը իրենց խիստ անձնականացված վերաբերմունքն այդ հարցում քողարկում էին կուսակցական պարտականությունների ծածկույթով: Այս առումով հստակ առանձնանում են երեք խումբ` հրեական` Պարվուսը, Տրոցկին, Ռադեկը, Գենեցկին և ուրիշներ, որոնք հենվում էին անձամբ Լենինի վրա, Ստալինի վրացական խումբը` Օրջոնիկիձեն, Էլիավան, Մդիվանին և ուրիշներ, և վերջապես` ադրբեջանական ազգային կուսակցական խումբը` Նարիման Նարիմանովի գլխավորությամբ, որի հենարանը Թուրքիան էր, և որը միշտ էլ, անհրաժեշտ պահին, խաղարկվել է Ստալինի կողմից: Հիշյալ երեք խմբից յուրաքանչյուրն ուներ հայկական պետականության վերացմանն ուղղված քաղաքականության իր սեփական դրդապատճառները:


Հրեական խմբի բացասական ազդեցությունը հայկական հարցի վրա ցայտուն արտահայտվեց դեռևս գերմանա- թուրքական ագրեսիայի` Արևմտահայաստանի վերացման և հայկական ցեղասպանության տարիներին, դրան հաջորդած շրջանում, երբ խորհրդային կառավարությունը հրաժարվեց ռուսական ավանդական մարդասիրության սկզբունքներից: Հետագայում խորհրդային Ռուսաստանում խափանարար կեցվածքը հայկական հարցում հիմնականում զուգադիպեց Ստալինի անվան հետ:
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ խորհրդային արտաքին քաղաքականության մեջ Ստալինի և նրա մարդկանց ծրագրերը հաճախ բախվում էին արտգործժողկոմիսարիատի և նրա ղեկավար Գեորգի Չիչերինի ջանքերին: Ազնվական ծագման տեր Չիչերինը այդ ժամանակ խորհրդային արտաքին քաղաքականության ասպարեզում միակ պրոֆեսիոնալն էր: Նրա պահվածքը բացատրվում էր նախ պանթուրքիզմից բխող վտանգի գիտակցմամբ, անշուշտ նաև այն հանգամանքով, որ Ազգերի լիգան դեռևս որոշակի հետաքրքրություն ուներ հայերի ճակատագրի հանդեպ:


Իշխանության լծակներին տիրանալու Ստալինի ձգտումը իրականացավ դեռևս Լենինի հիվանդության ժամանակ: Բոլշևիկների ստեղծած համակարգը հնարավորություն էր տալիս Ստալինին լիովին դրսևորել միահեծան բռնակալի իր հակումները, փառասիրությունը, կարիերիզմը: Ինչքան իշխանական վերին օղակում ամրապնդվում էր Ստալինը, այնքան Կովկասի և հարակից շրջանների նկատմամբ երկրի քաղաքականությունը դառնում էր նրա մենաշնորհը: Հակահայկական գիծը Ստալինն անշեղորեն իրականացնում էր իր մարդկանց միջոցով: Առաջին հերթին պետք էր ազատվել իրեն խանգարող կադրերից: Եվ ընտրությունը կանգ առավ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի տեղակալ, հայազգի Լևոն Կարախանի վրա: Արդեն 1919 թվականի օգոստոսին Ստալինն առաջ քաշեց այդ պաշտոնում «հայ» Կարախանին ադրբեջանցի Նարիմանովով փոխարինելու իր «վաղեմի տարբերակը»:
Չիչերինին գրած նամակում Ստալինը հայտարարում է խորհրդային, այսպես կոչված, «մուսուլմանական քաղաքականությանը արտգործժողկոմատի պատասխանատու աշխատակիցների բացարձակ անհամապատասխանության» մասին: Որպես իր ասածի հիմնավորում նա պնդում էր, որ «արտգործժողկոմատի կազմում Կարախանի` միակ արևելքցու, ծագումով այդ հայի ներկայությունը, որը պետք է արտաքին աշխարհին ներկայացնի արևելյան ժողովուրդներին, ականջ է ծակում և խախտում մեր արևելյան քաղաքականության ներդաշնակությունը, թուլացնում մեր քաղաքականության ուժն ու արդյունավետությունը Արևելքի ժողովուրդների և ամենից առաջ բոլոր մուսուլմանների աչքում»: Լենինին առաջարկելով «Կենտկոմում հարց բարձրացնել Կարախանին մուսուլմաններից որևէ մեկով, թեկուզև կուսակցական միջին պատրաստվածության տեր մեկով փոխարինելու մասին», Ստալինը նպատակահարմար է գտնում ադրբեջանցի Նարիմանովի թեկնածությունը:

Նա կարևոր չի համարում ոչ այն, որ «Նարիմանովը չունի քաղաքական լայն տեսադաշտ», ոչ էլ այն, որ այդ նշանակումը կարող էր Հնդկաստանի կողմից բացասաբար ընդունվել: «Եթե Հնդկաստանում փոքրամասնություն կազմող մուսուլմանների և մեծամասնություն կազմող մնացած ազգաբնակչության միջև անհաշտ հարաբերությունները իրոք դեր են խաղում կամ կարող են խաղալ, ապա այդ հանգամանքը չի խոսում Նարիմանովի կամ որևէ այլ մահմեդականի դեմ, այլ այն մասին, որ Նարիմանովից բացի և նրա կողքին անհրաժեշտ է ունենալ ևս մեկ կամ երկու ռուսի կամ ընդհանրապես «արևելյան » խնդիրներով զբաղվող աշխատակցի (բայց ոչ մի դեպքում` հայի):
Ստալինն ամեն ինչ անում էր, որ հայերին զրկի իրենց իսկ շահերը անմիջականորեն պաշտպանելու որևէ հնարավորությունից և հիմնավորելու Ռուսաստանի իսկական շահերը հայ-թուրքական հարաբերությունների ծիրում:
Ի վերջո նա հասավ Մոսկովյան կոնֆերանսում խորհրդային պատվիրակության կազմից Կարախանի հեռացմանը: Ոչ մի հայ իրավունք չստացավ մասնակցել հայկական հարցում որոշումներ կայացնելու գործընթացին: Հայերի շահերի պաշտպանությունը հանձնարարվեց վրացի և ադրբեջանցի ազգայնամոլ գործիչներին: Իսկ տեղական մակարդակներում էլ Ստալինը հանդուրժում էր այն հայերին, ովքեր իր ցուցումներով պաշտպանում էին թուրքերի և թուրք -ադրբեջանցիների շահերը:


Այն, ինչ Ստալինը ներկայացնում էր որպես «մեզ համար ընդունելի համապատասխանություն մեր քաղաքական գծի և այն իրագործող անձնակազմի միջև», իրականում հետևողականորեն Ռուսաստանյան Դաշնության արտաքին հարաբերությունների ոլորտի ղեկավարական աթոռներին իր հայրենակից վրացիներին նստեցնելն էր, որոնք, ճիշտ է, մահմեդական չէին, բայց այս դեպքում դա կարևորություն չուներ:
Ստալինը Չիչերինին ավելի ու ավելի էր դուրս մղում արևելյան կոչված, բայց իրականում հայերին վերաբերող խորհրդային քաղաքականությունից:
Քեմալականների հետ բանակցություններում որոշում կայացնողները բացառապես Ստալինն ու իր մարդիկ էին:
Չիչերինի և նրա ղեկավարած գերատեսչության փորձերը` բոլշևիկների կառավարության դիրքորոշումը Հայակական հարցում նվազագույնս գոնե ընդունելի դարձնել հայերի համար, բախվում էին Ստալինի և նրա խմբի ձեռնարկած հակաքայլերին: Չիչերինի քաղաքականությունը առաջիններից էր , որ դարձավ ստալինականների անառողջ քննադատության թիրախը:


1921 թվականի փետրվարի 12 տարեթվով Լենինին հասցեագրված նամակով Իոսիֆ Ստալինը շեշտում է. «Ընկ. Լենին, ես միայն երեկ իմացա, որ Չիչերինը իսկապես մի տխմար (և պրովոկացիոն) պահանջ է ներկայացրել թուրքերին` Վանը, Մուշը և Բիթլիսը (թուրքական գավառներ` թուրք բնակչության հսկայական գերակշռությամբ) մաքրելու թուրքերից` հօգուտ Հայաստանի: Հայկական իմպերիալիստական այդ պահանջը չի կարող մեր պահանջը լինել: Պետք է արգելել Չիչերինին նման հայտագրեր ուղարկել թուրքերին` ազգայնականորեն տրամադրված հայերի թելադրանքով: Ստալին»:


Հատկանշական է որ թուրքական պատվիրակության Մոսկվա ժամանելու և Ստալինի հիշյալ նամակի տարեթվերը համընկնում են: Զուր չէ, որ այն ժամանակվա թուրք գործիչները պատմում են, թե լուրջ դժվարությունների հանդիպելիս անհապառ դիմում էին Ստալինի օգնությանը: Ստալինի դիրքորոշումը Հայկական հարցում բխում էր ոչ այնքան նրա բոլշևիկյան աշխարհայացքից և միջազգային հարաբերություններում թելադրողի դերը զավթելու երազանքից, այլ, ըստ իս, շատ հասկանալի, մեր օրերում ևս կենսունակ վրացական ազգայնամոլությունից: Քչերը գիտեին, որ խորհրդային ինտերնացիոնալիզմի դասական ներկայացուցիչ Ստալինը իրականում, սրտի խորքում նախանձոտ ազգայնամոլ էր: Դա հատկապես դրսևորվում էր հայամերժության մեջ: Չնայած աշխարհում դժվար թե գտնվեն այնքան շատ ընդհանրություններ ունեցող երկու ժողովուրդ, որոնց առաջընթացն իսկ պահանջում է միշտ կողք-կողքի լինել, վրացական անհասկանալի հայատյացությունը միշտ էլ օրախնդիր է եղել:


Հայկ Մարտիրոսյան
(շարունակելի)

Դիտվել է՝ 6300

Մեկնաբանություններ